Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Կտանք հող, կսկսվի պատերազմ, կպահենք այն, ինչ ունենք, կվաստակենք արժանապատիվ խաղաղություն»

«Կտանք հող, կսկսվի պատերազմ, կպահենք այն, ինչ ունենք, կվաստակենք արժանապատիվ խաղաղություն»
02.12.2012 | 20:35

«Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպման ընթացքում ռազմական հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։

1994թ. մայիսի 16-ից՝ հրադադարի հաստատումից առայսօր մեր հանրային գիտակցության մեջ արմատացած է հետևյալ եզրույթը՝ արցախյան հակամարտության կարգավորում։ Ի՞նչ ասել է արցախյան հակամարտության կարգավորում։ Մենք, մոբիլիզացնելով մեր ազգի ռեսուրսը, արյունահեղ պատերազմում կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի մի փոքրիկ բեկորը։ 12 հազար քկմ հայրենիք են ազատագրել մեր հայրերը, եղբայրներն ու ժառանգել մեզ։ Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա արցախյան հակամարտության կարգավորման արդյունքը։ Ըստ Դավիթ Ջամալյանի՝ կա մի կարևորագույն հանգամանք, որ մենք բոլորս պետք է շատ լավ ըմբռնենք ու այդ գաղափարի կրողը դառնանք։ «Երբ մենք ուսումնասիրում ենք նման հակամարտությունների կարգավորման գործընթացը, հանգում ենք հետևյալ եզրակացության. բոլոր այն հակամարտությունները, որոնց առանցքում ընկած է եղել ինքնորոշման սկզբունքը, ի վերջո, կարգավորվել են հետևյալ կերպ։ Տվյալ հանրույթը՝ որպես պետականություն, ճանաչվել է այն սահմանների մեջ, որում այդ պետականությունը կերտել են։ Բոլոր այն հակամարտությունների դեպքում, որտեղ կա ինքնորոշման բաղադրիչ, չեն լուծվել «տարածք՝ ճանաչման դիմաց» բանաձևով։ Աշխարհում չկա նախադեպ, երբ նախկին կայսերական կենտրոնը, կորցնելով է իր կայսրության մի հատվածը, ճանաչում է նախկին գաղութի անկախությունը` տարածք ստանալու դիմաց։ Տարածք՝ ճանաչման դիմաց ֆորմուլան նախադեպ չունի։ Տարիներ շարունակ մեր գիտակցության մեջ ամրագրվել է հետևյալը՝ մենք պետք է ինչ-որ բան տանք, որ դրա դիմաց Ադրբեջանը ճանաչի Արցախի կարգավիճակը։ Գուցե մեր անփորձությունից, դիվանագիտական փորձի պակասի պատճառով ի սկզբանե բանակցությունների հիմքում ընկած է եղել այս գաղափարը. մենք կտանք մի բան, կստանանք ճանաչում։ Փառք Աստծո, որ այսօրվա իշխանությունը չի գնում հող՝ ճանաչման դիմաց սկզբունքով։ Իհարկե, հայտարարություններ են արվում փոխզիջումների պատրաստակամության վերաբերյալ, սակայն դա դիվանագիտություն է։ Մենք իրական կյանքում տեսնում ենք մի միտում. ամրապնդել ազատագրված տարածքները»,- ասում է ռազմական հոգեբանը։ Ըստ նրա՝ ամրապնդել ասվածը հեշտ գործ չէ, ահռելի նյութական միջոցներ են հարկավոր, բայց կամաց-կամաց աշխատանք է տարվում, որպեսզի Արցախի ամբողջ տարածքը, ենթակառուցվածքները զարգանան, և, ի վերջո, մենք այդ տարածքները յուրացնենք, այլ ոչ թե կորցնենք։
«Իհարկե, Արցախի բնակեցման ընթացքը դանդաղ է առաջ գնում, ու ցանկացած հայրենասեր մարդ կցանկանար օր առաջ տեսնել Քաշաթաղի, Շահումյանի շրջանները բնակեցված։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Գուցե մի քիչ դանդաղ, բայց այդ գործն արվում է։ ՈՒ ամենակարևոր հետևությունը, որ բոլորս պետք է անենք, հետևյալն է. կտանք հող, կսկսվի պատերազմ, կպահենք այն, ինչ ունենք, ուրեմն կվաստակենք արժանապատիվ խաղաղություն։ Հող տալով խաղաղություն չեն վաստակում։ Ըստ այդմ, արցախյան հակամարտության կարգավորում ասվածը ենթադրում է մեկ բան. Արցախն այսօրվա տարածքով կա՛մ ընթացքում կճանաչվի միջազգային իրավունքի սուբյեկտ, կա՛մ անմիջապես կվերամիավորվի Հայաստանի հետ։ Էական չէ, թե ինչ մեթոդով հարցը կլուծվի, կարևորը` ապահովել Արցախի հայապատկանությունն այսօրվա տարածքում»,- ասում է Դավիթ Ջամալյանը։
Բանախոսը համաձայն չէ «ազատագրված տարածքներ» ձևակերպմանը, քանի որ այդ արտահայտությամբ տպավորություն է ստեղծվում, թե այդ տարածքները Ղարաբաղինը չեն։ Ազատագրված է ամբողջ Արցախը հավասարաչափ՝ թե՛ Շուշին, թե՛ Հադրութը, այդ բոլորն Արցախի բաղկացուցիչ մասերն են։ Արցախի սահմանադրության 142-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ այդ տարածքները Արցախ պետության մաս են կազմում։ Արցախ ասելով՝ չպետք է հասկանալ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ Այն տարածքները, որ ազատագրվել են, սահմանադրորեն Արցախի մաս են։ Մենք ի սկզբանե պետք է բացառենք հող տալու գաղափարը։
Ըստ Դ. Ջամալյանի՝ կա մեկ այլ կարևորագույն հարց։ Արցախի խնդիրը Ադրբեջանի վերջնական նպատակը չէ։ Ադրբեջանում ունեն ծավալապաշտական նկրտումներ։ Պետական մակարդակով խոսվում է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը արևմտյան Ադրբեջան է։ Ադրբեջանի թիրախն առաջին հերթին Սյունիքի մարզն է։ Ադրբեջանի ռազմավարական գերնպատակը Նախիջանի անկլավային վիճակը վերացնելն ու այն Ադրբեջանին միացնելն է։ ՈՒստի Արցախը, նրա մեկ թիզ հողն անգամ խիստ կարևոր են մեզ համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ